Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն փակել է մի շարք գործերով վճիռների կատարողական վերահսկողական վարույթները

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ 2025 թվականի հունիսի 10-12-ը ընթացող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպման արդյունքում Նախարարների կոմիտեն վերջնական որոշմամբ ավարտեց Հայաստանի Հանրապետության դեմ ընդհանուր 7 վճիռների կատարման վերահսկողությունը՝ հաշվի առնելով այդ գործերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրած խախտումները վերացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած անհատական և ընդհանուր միջոցառումները:

Հատկանշական է, որ Նախարարների կոմիտեն ավարտել է «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ  8088/05) խումբ գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթը։ Այս խումբ գործերի շրջանակում, ի թիվս այլնի, Եվրոպական դատարանը արձանագրել էր Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ կոնվենցիա) 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով երաշխավորված՝ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու խախտում:

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով՝ «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 36469/08) արձանագրել էր կոնվենցիայի խախտում, մասնավորապես՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի միջամտության առնչությամբ ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության մասով: Հատկանշական է, որ Նախարարների կոմիտեն ավարտել է գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթը ևս՝  դրական զարգացում որակելով այդ ուղղությամբ կառավարության կողմից նախաձեռնված ընդհանուր միջոցառումները, ինչպես նաև՝ կառավարության կողմից փոխհատուցման ինստիտուտի կիրառման առնչությամբ ներկայացված ներպետական դատական պրակտիկան:

Փակված վարույթների շարքում է նաև «Դ.Ս.-ն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 82348/17) գործը, որի առնչությամբ Նախարարների կոմիտեին ներկայացված գործողությունների հաշվետվության շրջանակում կառավարությունը ներկայացրել էր հանձնման (էքստրադիցիա) վերաբերյալ նոր կարգավորումները, որոնք սահմանվել են 2024 թ. նոյեմբերի 24-ին ընդունված «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքով:

Related posts

Ուկրաինական դրոնները շարունակում են հարձակումները Ռուսաստանի նավթաքիմիական օբյեկտների վրա

Վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը. Շիրակի մարզպետ

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել