Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան  դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո գագաթնաժողովը հաջորդաբար անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, Իսպանիայի Գրանադա քաղաքում, Միացյալ Թագավորության Օքսֆորդշիր քաղաքում, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։

Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 եվրոպական երկրների  առաջնորդներին՝ հավասար հիմունքներով, միասնության ոգով և ընդհանուր նպատակով։Այն տրամադրում է քաղաքական հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրության հարցերը հասցեագրելու համար, ամրապնդելու Եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եվրոպական առաջնորդներին հարթակ է տրամադրում փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման։ Այն չի փոխարինում գոյություն ունեցող որևէ կազմակերպության, կառույցի կամ գործընթացի։

 

Related posts

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը