Եվս մեկ քայլ դեպի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն. Կալասը՝ ՀՀ-ին 20 միլիոն եվրոյի աջակցության մասին

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մեկնաբանել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջականերում Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու որոշումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կայա Կալասի մեկնաբանությունը հրապարակվել է Եվրոպական խորհրդի կայքում։

«Եվրոպական խաղաղության հիմնադրամի այս օգնության միջոցառումը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն: Այս միջոցառմամբ ԵՄ-ն ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմադրողականությանը, որը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը»,-ասել է նա:

ԵՄ Խորհուրդն ընդունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշում։ Խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության համաձայն՝ աջակցության նպատակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է՝ կենտրոնանալով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա․

Նշվում է, որ դա կբարձրացնի Հայաստանի դիմակայունությունը և կարագացնի զինված ուժերի փոխգործունակությունը՝ ապագայում միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին հնարավոր մասնակցության դեպքում, այդ թվում՝ Եվրոպական միության կողմից իրականացվող առաքելություններին։

Ընդգծվել է նաև, որ ԵՄ-ն հանձնառու է ամրապնդել Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը՝ հիմնվելով ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի վրա։

 

 

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ