«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ». Փաշինյանը քառատողով պատասխանեց Ալիևի հայտարարություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններում և վարքագծում որոշակի դիագնոզ է տեսնում: Այս մասին Փաշինյանն ասաց խորհրդարանում պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ նշելով, որ այդպիսի պահվածք ցուցաբերող մարդկանց նկատմամբ պետք է կարեկցանքով լցվել:

«Այդ հայտարարությունները նոր չեն, դրանք հնչել են 2007թ., 2008թ., 2009թ., 2010թ., 2011թ., անընդհատ: Հիմա նոր ոգևորություն է մտել և իմ կարծիքով որոշակի դիագնոզ է մտել այդ հայտարարությունների մեջ, որովհետև ստեղծել թանգարան, որտեղ պատկերված են զոհված զինվորների մարմիններ, այդ ֆոնին նկարվել և դա ի ցույց դնել միջազգային և սեփական հանրությանը, այստեղ, կարծում եմ, որոշակի հոգեբանական աջակցության հարց է առաջանում: Կարծում եմ, որ ոչ թե ագրեսիվությամբ ու վրեժով, այլ կարեկցանքով է պետք լցվել նման պահվածք ցուցաբերող մարդկանց նկատմամբ: Եթե չեմ սխալվում, Իգնատ Մամյանը մի բանաստեղծություն էր գրել Ղարաբաղյան հակամարտության առիթով, որում այսպիսի մի շատ լավ քառատող կար, ասում էր. «Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ: Այդպես խղճում են մարդիկ խելացի հոգեհիվանդի մռայլ վանդակից իրեն հայհոյող խենթ արարածին»: Կարծում եմ, որ այս քառատողն այսօրվա մեր պատասխանն է Իլհամ Ալիևին»,- ասաց Փաշինյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր ղարաբաղյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց «այգի»: Այն տեղակայվել է 5 հեկտար տարածքում: Այգում ցուցադրվում են հայկական զրահամեքենաները, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն:

Related posts

ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է․ Պատել

Առաջնահերթ է հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ Պուտին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ալբանիա