Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն այսօրվա դրությամբ չեն շարունակվում. Մհեր Գրիգորյան

Չկա մի առիթ, մի հանդիպում, մի հնարավորություն, որտեղ գերիների վերադարձի հարցը չի քննարկվում կամ չի քննարկվի: Եվ ես հուսով եմ, որ այդ հարցը լուծում կստանա՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև ճանապարհների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներին. ըստ Գրիգորյանի՝ այսօրվա դրությամբ այդ աշխատանքները չեն շարունակվում: «Ես բազմիցս հայտարարել եմ, որ այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն, արդյունք կտան մի դեպքում. երբ ֆոնը, ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն: Այս իրավիճակում և սահմանին այս իրադրությունների պարագայում չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում: Այդ առումով վերջին շրջանում այդ հարթակի մասով կոնտակտներն ընդհատվել են: Տեսնենք՝ ինչ շարունակություն կլինի»,- ասաց Գրիգորյանը: Նա վստահեցրեց, որ միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել ու չի քննարկելու: «Եթե միջանցք անվանելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, մի հարց է: Բայց եթե միջանցք ասելով նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, կրկին վստահեցնում եմ՝ բացառվում է իմ քննարկումների օրակարգում»,- շեշտեց նա:

Related posts

Կծիկը բացահայտվել է. ՔԿ նախագահը՝ 590.000 դոլարի հափշտակության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը

ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ Սիմոնյանին