ՀՀ Պաշտպանության նախարարությունից Forrights.am-ին հայտնել են, որ հայտնաբերել են Եռաբլուր զինվորական պանթեոնից ծաղիկներ գողացող անձանց։
«Տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին»,- հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Հունվարի 4-ին Forrights.am-ը 44-օրյա և 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմներում զոհված տղաների ծնողներից ահազանգ է ստացել այն մասին, որ անհայտ անձիք գողանում են իրենց դրած ծաղիկները։
«Պատահական նայեցի, տեսա ծաղիկները չկան։ Դեկտեմբերի 31-ին գիշերն էի դրել, հունվարի 2-ի երեկոյան արդեն վերցնում են»,-Forrights.am-ի հետ զրույցում նշել է սեպտեմբերի 13-ին զոհված սպա Գոռ Ասատրյանի մայրը՝ Իրինա Խաչատրյանը։
Ահազանգած ծնողներն ասել են, որ դժգոհություն ունեն ՊՆ ՌՈ-ի կողմից իրականացված հսկողությունից՝ շեշտելով, որ նրանց թվաքանակը քիչ է։ ՊՆ խոսնակն այս առնչությամբ նշեց« Տարածքը տեսահսկվում է, իսկ Ռազմական ոստիկանության՝ նշված վայրում հերթապահության կազմակերպման, հերթապահության մեջ ընդգրկված աշխատակիցների քանակի որոշման հիմքում ընկած են մի շարք հաշվարկներ և հանգամանքներ»: