ԵՄ-ն դատապարտել է Սիրիայում անվտանգության ուժերի վրա հարձակումները

Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, ինչպես նաև կոչ է արել պաշտպանել Սիրայի քաղաքացիական բնակչությանը, ասվում է եվրոպական արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրության մեջ:
«ԵՄ-ն վճռականորեն դատապարտում է վերջերս տեղի ունեցած հարձակումները, որոնք ենթադրաբար կատարվել են Սիրիայի ափամերձ շրջաններում Ասադին աջակցող տարրերի կողմից՝ ժամանակավոր կառավարության ուժերի վրա, ինչպես նաև քաղաքացիական անձանց դեմ կատարված ցանկացած բռնություն: Քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն ցանկացած հանգամանքում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԵՄ-ն նաև կոչ է արել արտաքին ուժերին պահպանել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Հիշեցնենք՝ Սիրիայում վերջին օրերին Բաշար Ասադի իշխանության անկումից ի վեր ամենազանգվածային բախումներն են գրանցվել: Արդեն հարյուրավոր մարդիկ են զոհվել։
Բախումները հիմնականում տեղի են ունենում Լաթաքիա նահանգում, որտեղ մեծ թիվ են կազմում ալևիները, որոնք Ասադի իշխանության հենասյունն էին։
Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմադ Աշ-Շարաան Ասադի կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը:
Նա նաև կոչ է արել պահպանել ազգային միասնությունը և վստահություն է հայտնել, որ Սիրիան կհաղթահարի ստեղծված իրավիճակը։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում