Եկեք միասին պահենք ու հզորացնենք բազում փորձություններով և արհավիրքներով անցնող մեր հայրենիքը. Սասուն Միքայելյանի ուղերձը

Երկրապահի օրվա և մայիսյան տոների առթիվ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հանդես է եկել ուղերձով: Դրանում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է:

Նախորդ դարավերջին, չունենալով բանակ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը կարողացավ համախմբել մեզ, և մենք միասնական կերտեցինք մեր նորագույն պատմության փառահեղ էջը: Այսօր երկրապահները, կամավորականները, ազատամարտիկները վստահ են, որ նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ կունենանք:

Երկրապահը միշտ սահմանում է, զինվորի կողքին: Տոնդ շնորհավո՛ր, երկրապահ: Տոնդ շնորհավո՛ր, Սպարապետ:

Մենք՝ երկրապահներս, անցել ենք դժվարին ճանապարհներ, հաղթահարել ենք բազում փորձություններ.

Սպարապե’տ, մենք հավատարիմ ենք մնալու մեր առաքելությանն ու Քո պատգամին: Այսօր մեր շարքերը համալրվում են երիտասարդներով և պատանի երկրապահներով:

Սիրելի՛ պատանի երկրապահներ, հավատում եմ, որ Դուք մեր արժանի հետնորդները կդառնաք: Երկրապահի օրվա և մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորում եմ մեր ժողովրդին:

Մենք պարտավոր ենք գիտակցել հաղթանակների ձեռքբերման գինը և շարունակել քայլել ու նույն ոգով կերտել նորանոր հաղթանակներ: Մենք այդպես էլ չսովորեցինք դասեր քաղել մեր թույլ տված սխալներից:

Մայիսի 9-ը միասնությամբ, համախմբվածությամբ կերտած հաղթանակների օր է: Գնահատենք մայիսյան տոների արժեքը, գնահատենք մեր նորանկախ պետականության համար պայքարած անհատներին, կամավորականներին, բանակին, գեներալից մինչև մեր խիզախ զինվոր:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմականորեն, երբ համախմբվել ենք, տարել ենք հաղթանակներ, ուստի այսօր առավել քան կարևոր է մեր միասնությունը, համախմբվածությունը: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր.

«Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի: Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք…»:

Սիրելի’ հայրենակիցներ,

Եկեք միասին պահենք ու հզորացնենք բազում փորձություններով և արհավիրքներով անցնող մեր հայրենիքը: Հավերժ փա՛ռք նահատակված քաջերին, Հավերժ հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Մեր խոնարհումը հերոսածին մայրերին, Փա՛ռք երկրապահին, ազատամարտիկներին, մեր բանակին, զինվորներին, Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը: Աստված պահապան մեր ազգին»:

 

Related posts

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը

Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը

Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու