Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից. Փաշինյան


Նախատեսվում է 2024 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ին կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1 միլիարդ 367 միլիոն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության մարտի 7-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Նշվածը վերաբերում է 2 մանկապարտեզի կառուցմանը, 6 մոդուլային դպրոցի կառուցմանը, 1 ավագ դպրոցի մասնաշենքի կառուցմանը, 15 դպրոցի մարզադահլիճի կառուցման և 11 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև նախագծով ֆինանսավորում է հատկացվում 8 դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների համար»,- ասաց նախարարը:

Ըստ Անդրեասյանի՝ գրեթե բոլոր օբյեկտներում անհրաժեշտություն է առաջացել կատարել ծավալների ավելացում, ու քանի որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետները 2023-ին ավարտվել են, նախագծով նախատեսվում են մի շարք թույլտվություններ, որպեսզի Քաղաքաշինության կոմիտեն կարողանա համաձայնագրեր կնքել ծավալների ավելացում կատարելու նպատակով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց նախարարին՝ ե՞րբ են մարզադպրոցները հանձնվելու շահագործման, քանի որ ժամկետի սահմանումը կարևոր է:

«Պրակտիկայում գնում ենք, ի՞նչ իրադրություն ենք տեսնում, գնում ենք, տեսնում ենք, որ շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել. սա երկրորդ պրոբլեմը: Շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ է հասել, բայց հոսանքը չեն միացրել: Շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ է հասել, հոսանքը միացվել է, ջուր չկա. սա՝ մյուս պրոբլեմը: Էլի կարող եմ շարունակել: Ինձ համար շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտները մտնում են այնտեղ, և նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում հաջորդ օրը կամ մի շաբաթից»,- ասաց նա:

Խոսքն ուղղելով ԿԳՄՍ նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նաև հարցրեց, թե երբ պետք է հույս ունենալ, որ, օրինակ, Ջրառատի դպրոցը լիարժեք կշահագործվի: Նախարարը որպես ժամկետ նշեց այս տարվա ապրիլի 30-ը, ապա ասաց ծրագրով նախատեսվող բոլոր դպրոցների շինարարության վերջնաժամկետները:

Խոսքն ուղղելով մարզպետներին՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այդ օբյեկտներ այցելո՞ւմ են, շինաշխատանքների ընթացքին հետևո՞ւմ են:

ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ասաց, որ դժգոհություններ ունի շինարարության տեմպից ու որակից, նաև Կապսի դպրոցի պատուհաններն են անորակ, և որ դիմել են պատվիրատուին, որպեսզի վերանայեն պատուհանները:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձագանքեց, որ նույնիսկ Երևանում կան դպրոցներ, որտեղ մեկ կապալառուի կողմից տեղադրված են տարբեր որակի պատուհաններ:

«Խնդիր է դա, հեշտ լուծելի խնդիր չէ: Ինչ-որ մի քայլ արել ենք, որ գնանք ստանդարտացման ուղղությամբ, երբեմն դեպքեր կան նույնիսկ, որ մեր պատվիրատուները կապալառուների հետ աշխատանքի ժամանակ ստիպված են լինում ասել՝ դու բե՛ր, 3 օրինակ ցո՛ւյց տուր, մենք ասենք՝ դրանից որը կարող ես որակի առումով տեղադրել, որ հետո խնդիրներ չլինեն: Բայց դա նշանակում է, որ մեր պատվիրատուները մտնում են ամեն մի դպրոցի շինարարության ընթացքի մեջ և փորձում են կապալառուի հետ միասին դեպք-դեպք համաձայնել կամ չհամաձայնել. սա էլ ինչ-որ տեղ վարչարարական պրոբլեմներ առաջացնող հարց է»,- ասաց նա:

Վարչապետն արձագանքեց՝ պետք է արձանագրել խնդիրը և սովորել դա լուծել: «Եկեք արձանագրենք, որ մենք չգիտենք, մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից»,- ասաց վարչապետը:

Related posts

ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան

Քրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել

Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի