Եկեղեցին սկսել է խառնվել ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին. Արթուր Հովհաննիսյանի ելույթը հանդարտ չանցավ

Շարունակվում է 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը, որի շրջանակում ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով ընդդիմության՝ Եկեղեցու վերաբերյալ քննադատություններին:

«Սկսեմ նրանից, որ Եկեղեցին, Կտրիճ Ներսիսյանի ղեկավարությամբ, սկսել է խառնվել … »- հայտարարեց պատգամավորը, որի խոսքերն ընդհատվեցին դահլիճից հնչող բղավոցներով:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց ընդդիմադիր գործընկերներին չընդհատել բանախոսին:

«Հարգելի՛ գործընկերներ, այս ամբիոնից կարող են հնչել ձեզ համար տհաճ արտահայտություններ: Քանի դեռ այս ամբիոնից չի հնչել օբյեկտիվ վիրավորանք, խնդրում եմ լռել և լսել: Դուք ունեք հնարավորություն՝ այս ամբիոնից արձագանքելու»,- ասաց Ռուբինյանը:

Հովհաննիսյանը փորձեց շարունակել խոսքը, սակայն նրան ընդհատեցին դարձյալ դահլիճից: Ռուբինյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Լիաննա Գասպարյանին նախազգուշացում հայտարարեց:

Շարունակելով միտքը՝ Հովհաննիսյանը դարձյալ շեշտեց՝ Եկեղեցին սկսել է խառնվել ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին:

«Եվ սա դեռ բավարար չէ, Եկեղեցու առնվազն երկու բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ կա տեղեկատվություն, որ նրանք խախտել են կուսակրոնության ուխտը: Եվ հաշվի առնելով, որ այդ նշածս հանգամանքները խարխլում են պետության հիմնասյուները, մենք կանգնած ենք Եկեղեցու կողքին, մենք պաշտպանում ենք Եկեղեցին, իսկ դուք պաշտպանում ենք կուսակրոնության ուխտը խախտած, քաղաքականության մեջ խառնված եկեղեցականներին, որոնք օգտագործելով կրոնը և եկեղեցին, պաշտպանվում են, պաշտպանում են իրենց ուխտը խախտելը, քաղաքականության մեջ ներգրավվելը, այլ բաների մասին էլ չեմ էլ խոսում: Ուրիշ տեղ չեմ շարունակում:

Եվ հիմա ո՛վ է պաշտպանում Եկեղեցին՝ մե՞նք, թե՞ դուք՝ ով որ պաշտպանում է կուսակրոնության ուխտը խախտելը, թե ով որ ասում է՝ կուսակրոնության ուխտը խախտածը պետք է հեռանա Եկեղեցուց, ո՞վ է էստեղ Եկեղեցու կողքին կանգնած: Մեր ժողովուրդը իր գնահատականը տվել է ամեն դեպքում: Մեր և ձեր պրոբլեմն այն է, որ մենք իրականությունն ասում ենք, դուք այն հորինում եք, և մարդիկ շատ լավ ամեն ինչ տեսնում, լսում են և գիտեն»,- ասաց պատգամավորը՝ նկատելով՝ «Ուժեղ Հայաստանի» գործընկերները «Հայաստան» դաշինքից այդ ճանապարհն անցել են, հիմա էլ նրանք են անցնում:

«Ենթադրում եմ՝ նույն ավարտով»,- նկատեց Արթուր Հովհաննիսյանը:

Related posts

Հանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ

Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան