ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է անում ազատ արձակել ռազմագերիներին, գտնել ԼՂ խնդրի քաղաքական լուծում

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին, վերսկսել բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, հասնել քաղաքական լուծման: Լինդեն այս մասին ասաց ասուլիսում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի դիտարկմանը, որ հայ հասարակությունը հիասթափված է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում ԵԱՀԿ-ի պասիվ դիրքորոշումից և հարցին, թե արդյոք ԵԱՀԿ գործող նախագահը կիսո՞ւմ է Ադրբեջանի նախագահի տեսակետը, թե ԼՂ հակամարտությունը լուծված է:

«Համաձայն չեմ, որ ԵԱՀԿ-ն շատ ջանք չի գործադրում կոնֆլիկտի հարցում, այն հարցում, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում: Ես հատուկ ներկայացուցիչ ունեմ, որը շատ ակտիվ է: Ես անձամբ հանդիպում եմ ունեցել նրա հետ երեկ՝ քննարկելու իրավիճակը: Մենք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, որը համանախագահում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, որոնք փորձում են անել շատ դրական քայլեր»,-ասաց Լինդեն ու նկատեց, որ նրանք, սակայն, անցյալ տարի սահմանափակ հասանելիություն են ունեցել տարածաշրջան՝ կորոնավիրուսի, նաև այլ պատճառներով:

ԵԱՀԿ գործող նախագահը հիշեցրեց, որ հունիսի կեսին նաև համաձայնություն եղավ՝ Հայաստանին վերադարձնելու 15 հայ ռազմագերիների, Հայաստանն էլ Ադրբեջանին տրամադրեց քարտեզներ, որոնքը հեշտացնելու են ականազերծման աշխատանքները: Լինդեն դա համարեց վստահության ամրապնդման ողջունելի միջոց: Նրա կարծիքով՝ դա տեղի է ունեցել Վրաստանի արժեքավոր դերակատարության, ԱՄՆ-ի, նաև Եվրոպական խորհրդի, Եվրահանձնաժողովի, ԵԱՀԿ-ում շվեդական համանախագահության գերազանց համագործակցության արդյունքում:

«Ես իմ հայտարարությամբ կոչ եմ արել Հայաստանին, Ադրբեջանին՝ անել դրական քայլ՝ ազատ արձակելով բոլոր մնացած կալանավորվածներին և բանակցությունները վերսկսել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, նաև Անջեյ Կասպրշիկի ներգրավվածությամբ քաղաքական լուծում գտնել, քանի որ դեռ չկա խաղաղության համաձայնագիր»,-ասաց Լինդեն:

Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները՝ ամբողջությամբ չվերադարձնելով հայ ռազմագերիներին:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան