Դուք ոչ միայն վարպետ բեմադրիչ եք, այլև նվիրյալ մանկավարժ. վարչապետը շնորհավորել է Նիկոլայ Ծատուրյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ.

«Հարգելի՛ պարոն Ծատուրյան,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի առիթով: Ձեր ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ Դուք բացառիկ նվիրումով ծառայում եք թատերարվեստին:

Գնահատանքի խոսքերը, որ ուղղում ենք Ձեզ, կոչված են ոչ միայն կարևորելու Ձեր դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, այլև արժևորելու Ձեր վաստակը հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու հարցում:

Դուք ոչ միայն վարպետ բեմադրիչ եք, այլև նվիրյալ մանկավարժ, որն իր հարուստ փորձն ու գիտելիքն է փոխանցում սերունդներին՝ ձևավորելով թատերարվեստին ու կինոարվեստին բնորոշ յուրահատուկ ճաշակ, իսկ ստեղծած թատերական կտավները՝ «Ծիրանի ծառ», «Ձեր կյանքի ժամերը», «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», իրավամբ, հարստացրել են մեր թատերական մշակույթը:

Հարգելի պարոն Ծատուրյան, ևս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առիթով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեմական երկարակեցություն և ստեղծագործական անսպառ եռանդ»:

Related posts

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Թուրքիայի նախագահի ընտրությունը կանցկացվի 2028 թվականին. Էրդողան

Տաքսիներում օրենսդրական նորմի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն