Դիզվառելիքի հափշտակության համար մեղադրվող ՀՀ ՊՆ զորամասի ծառայողների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատար Ա. Ա.-ն ՊՆ երեք այլ ծառայողների օժանդակությամբ հափշտակել է շուրջ կես միլիոն դրամ արժողությամբ դիզելային վառելիք: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի ընթացքում պայմանագրային զինծառայող Ն. Պ.-ն Ա. Ա.-ի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից պարբերաբար 200-ական լիտր վաճառել է տարբեր անձանց և դրա դիմաց ստացած գումարները փոխանցել Ա. Ա.-ին: Մի դեպքում էլ, չկարողանալով կատարել հանձնարարությունը, դիզվառելիքը ինքն է վերցրել և գումարը փոխանցել Ա. Ա.-ին:

Բացի այդ, 2024 թվականի նոյեմբերին ՊՆ մեկ այլ աշխատակից Գ. Ո.-ն, դարձյալ Ա. Ա.-ի հանձնարարությամբ, նույն զորամասի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից 200 լիտր տվել է տեղի բնակավայրերից մեկում գործող շինանյութի խանութի սեփականատիրոջը՝ պարտքի դիմաց։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2024 թվականի նոյեմբերի 20-ին Ա. Ա.-ն հանձնարարել է Ն. Պ.-ին և Գ. Ո.-ին՝ հիշյալ զորամասի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից ևս 400 լիտր վաճառել: Հանձնարարությունն իրագործելու նպատակով նշված օրը Ն. Պ.-ն և Գ. Ո.-ն այն տեղափոխել են պայմանագրային զինծառայող Հ. Ա.-ի առանձնատուն՝ վերջինիս հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հիշյալ դիզվառելիքը նրան վաճառելու նպատակով, սակայն նույն օրը հայտնաբերվել և ձերբակալվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից։

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, Ն. Պ.-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Գ. Ո.-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Հ. Ա.-ին՝ 295-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում