Դեսպան Մակունցը Լոս Անջելեսի քաղաքապետին և ոստիկանապետի տեղակալին է փոխանցել Տիգրան Ավինյանի և Վահե Ղազարյանի նամակները

Մարտի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի աշխատանքային այցը Լոս Անջելես մեկնարկել է պաշտոնական հանդիպումներով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

Այցի առաջին օրը դեսպան Մակունցը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։

«Հանդիպմանը ներկա էին նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։

Դեսպան Մակունցը քաղաքապետ Բասսին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տիգրանի Ավինյանի նամակը՝ երկու քաղաքների միջև համագործակցությունը խթանելու վերաբերյալ։

Զրուցակիցները պայմանավորվել են կապի մեջ դնել քաղաքապետարանների ներկայացուցիչներին՝ փոխգործակցության բազմոլորտ օրակարգ մշակելու համար։

Հաջորդիվ դեսպան Մակունցը առանձին հանդիպում է ունեցել նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանի հետ, որի ընթացքում ուրվագծվել են երկկողմ աշխատանքներն առաջ մղելու հնարավորությունները:

Նույն օրը դեսպան Մակունցը հանդիպել է նաև Լոս Անջելեսի ոստիկանապետի տեղակալ Դանիել Ռանդոլֆի հետ:

Դեսպան Մակունցը զրուցակցին ներկայացրել է Ներքին գործերի նախարարությունում բարեփոխումների հիմնական ուղղությունները, փոխանցել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի նամակը՝ ուղղված Լոս Անջելեսի ոստիկանապետին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ սկսել հատկապես կրթական, փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով»,- տեղեկացվում է հաղորդագրությամբ:

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը