Դատախազությունը հիշեցնում է ընտրական հանցագործությունների դեպքում նախատեսված պատիժների մասին

ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ: Ելնելով դրանից՝ դատախազությունը հարկ է համարում տեղեկացնել հետևյալը:

Հացագործություն է քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի, հանձնաժողովի անդամի կնիքները, ինքնասոսնձվող դրոշմանիշը, կտրոնները, ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումը, տեսախցիկը, ընտրական փաստաթղթերի պարկը կամ ընտրական փաստաթղթերի փաթեթը հափշտակելը: Դրա համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ 6 տարի ժամկետով ազատազրկման ձևով:

Ոստիկանությունն ընտրությունների հետ կապված միջոցառումներում յուրաքանչյուր ընտրատեղամասում ապահովում է պատշաճ կարգ ու կանոն, ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով աջակցում հանձնաժողովներին, ապահովում է ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում:

Յուրաքանչյուր քաղաքացի, ընտրատեղամասում կամ դրան հարող տարածքում գտնվելու ընթացքում հանցավոր արարքների հետ առնչվելու, դրանց ականատես լինելու դեպքում պետք է անմիջապես մոտենա ոստիկանների համար առանձնացված հատվածին և դիմի տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին, ինչպես նաև ահազանգի իրավապահ այլ մարմիններին:

Միևնույն ժամանակ, կրկին հիշեցնում ենք, որ եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել օրենքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Այսինքն՝ տեղամասային կենտրոնում և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող ընտրական գործընթացի բոլոր մասանկիցները պարտավոր են իրենց լիազորություններն իրականացնել ՀՀ ընտրական օրենսգրքով ամրագրված ընթացակարգերի խստիվ պահպանմամբ:

Այդ ընթացակարգերի շրջանցմամբ, անտեսմամբ գործողություններ կատարելը, այդ թվում և հատկապես բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիք հնչեցնելով, ինչպես նաև՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, հանձնաժողովի անդամի, վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի և մյուսների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, հանգեցնում է քրեական պատասխանատվության՝ ընդհուպ 6 տարի ժամկետով ազատազրկման:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում