Դատախազությունը կոչ է անում չխախտել ռազմական դրության իրավական ռեժիմից բխող սահմանափակումները

ՀՀ դատախազությունը հայտարարությունէ տարածել հավաքներ կազմակերպելու և անցկացնելու մասին հայտարարություններին:  ՀՀ դատախազությունը հիշեցնում է, որ երկրում ռազմական դրություն է, որի ընթացքում հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը արգելվում է:

«Վերջին օրերին առանձին քաղաքական ուժեր և սոցիալական խմբեր զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հայտարարություններ են տարածել հավաքներ կազմակերպելու և անցկացնելու մասին։ Պարզաբանում ենք, որ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման հավելվածի 8-րդ կետով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը արգելվել է:

Պարզաբանվում է նաև, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182․5-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 307․1-րդ հոդվածով մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ է նախատեսվում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու, այդ թվում՝ փաստորեն ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։

Հետևաբար, բացասական իրավական հետևանքներից զերծ մնալու համար կոչ ենք անում ցուցաբերել ողջախոհություն, չխախտել ռազմական դրության իրավական ռեժիմից բխող սահմանափակումները և զերծ մնալ դրա ընթացքում ուղղակիորեն արգելված՝ հավաքներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ մասնակցելուց»,-ասված է հայտարարությունում:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում