Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց ԱԺ պատգամավորի պաշտոնը

Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց՝ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 20 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Կարապետյանին:

ԱԺ կազմը համալրած պատգամավորը համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի՝ երդվեց:

«Պատիվ ունեմ այսօր այս ամբիոնից երդվելու: Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդիս առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, համազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,- ասաց պատգամավորը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր դրած Գևորգ Պապոյանին ԱԺ-ում կփոխարինի Դավիթ Կարապետյանը։

Փետրվարի 26-ին Գևորգ Պապոյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, մարտի 4-ին հրապարակվել էր նրա՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

Մարտի 5-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գևորգ Պապոյանը նշանակվել էր էկոնոմիկայի նախարար։

Related posts

Սպասվում է անձրև, ամպրոպ ու կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասին