Գործադիրը հավանություն տվեց դեղերի արտաքին գովազդի սահմանափակումը վերացնելուն ուղղված նախագծին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց օրենքի նախագիծ, որը վերաբերում է դեղերի արտաքին գովազդին:

Գործող օրենսդրությամբ արգելված է դեղերի արտաքին գովազդը, իսկ գովազդի մյուս տեսակները թույլատրվում են:

«Նման կարգավորման տրամաբանությունն ու հիմնավորումը շատ թույլ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտաքին գովազդը, որպես տեղեկատվության ներկայացման հարթակ, շատ ավելի նեղ շրջանակ է ընդգրկում, քան հեռուստագովազդը: Վերջին ժամանակում մենք արտաքին գովազդի շուկայում իրականացված փոփոխությունների արդյունքում կտրուկ նվազեցրել ենք արտաքին գովազդի ոլորտում աշխատող ընկերությունների հասույթը: Արգելել ենք կազինոնաների և շահումով խաղերի գովազդը, դրա արդյունքում ընկերությունները լուրջ խնդիրներ ունեն: Այս փոփոխությամբ փորձում ենք օգնել ընկերություններին, թույլ տալ, որ մի քիչ ավել գումար աշխատեն»,- ասաց Քերոբյանը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելացրեց, որ սա վերաբերում է միայն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերին:

«Գովազդի թույլտվության վավերապայմանները բավականին խիստ են: Մենք մեր գործընկերների հետ կաշխատենք՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին հավելյալ ինքնաբուժման կամ ոչ պատշաճ բուժման սխեմաներ խրախուսելուց»,- ասաց նա:

Related posts

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը

Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը

Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու