Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մշակույթի կենտրոնի աշխատակցին նախընտրական քարոզարշավին մասնակցելուն խոչընդոտելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը, ունենալով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, նույն կենտրոնի գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021 թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպված նախընտրական քարոզչությանը, այնուհետև 2021 թ. հունիսի 15-ին աշխատանքից ազատելու սպառնալիքով՝ գրադարանավարին խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մշակույթի կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում