Գնել Սանոսյանը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է Վերին Լարսի անցակետերի բեռնաթափմանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել Վիտալի Սավելևի այցը Հայաստան։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են բարեկամական հարաբերություններով, հատկապես տրանսպորտային ոլորտում առկա է բազմաշերտ փոխգործակցություն, ինչպես նաև չօգտագործված մեծ պոտենցիալ, որի ուղղությամբ պետք է աշխատանք տանել։

Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Վիտալի Սավելևին ակտիվ համագործակցության, հատկապես Վերին լարսի հարցով մշտական աջակցության համար։

Վիտալի Սավելևն իր հերթին կարևորել է Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամական հարաբերությունները և նկատել, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ այդ բարեկամական, եղբայրական հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտին առնչվող հարցեր։ Քննարկվել են միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների, Վերին Լարսի անցակետերի բեռնաթափման, ինչպես նաև երկաթուղային փոխադրումներին առնչվող հարցերը։

Քննարկվել է նաև ճանապարհաշինության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Հանդիպումից հետո ՌԴ պատվիրակությունը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ապա նաև՝ Սերգեյ Փարաջանովի թանգարան:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում