Գյումրիում տղամարդը փորձել է սպանել մորը, հարվածել քրոջը

2021թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:08-ին, Գյումրի քաղաքի բնակչուհին ահազանգել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձը սպանել կամ սպանում է իր մայրիկին:

Նույն օրը՝ ժամը 16:54-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում Գյումրու ՇԲՕ կայանից ստացված ահազանգի համաձայն՝ «հիպերտոնիկ կրիզ» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Շերամ թաղամասում գտնվող շենքերից մեկի բնակարանում իրենց կողմից բուժօգնություն է ցուցաբերվել նույն բնակարանի 75-ամյա բնակչուհուն, ով հայտնել է, որ իրեն ծեծել են:

Ահազանգերի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին նշված բնակարանի 56-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարբերաբար հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել մոր՝ վերոնշյալ 75-ամյա կնոջ հասցեին, իսկ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, խոհանոցում վիճաբանելով մոր հետ և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ փորձել է խեղդամահ անել վերջինիս: Այնուհետև մորը քաշելով և հատակին գցելով՝ ձեռքից վերցրել է ձեռնափայտը և հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Տեսնելով, որ քույրը զանգահարում է ոստիկանություն՝ 56-ամյա տղամարդը հարձակվել քրոջ վրա, մկրատով հարվածներ հասցրել նրա դեմքի շրջանին, ապա սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ դիմել է փախուստի։

56-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող մկրատը:

Դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի, 137-րդ հոդվածի 1-ին մասի և 137.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի հատկանիշներով:

Նույն օրը Գյումրի քաղաքի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

2021թ. հոկտեմբերի 21-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՏՀԱ տեսչական մարմնի Շիրակի բաժնի նախաձեռնությամբ անցկացվել են աշխատանքային քննարկումներ՝ մարզի պատասխանատուների մասնակցությամբ

Իրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը

ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չեմ լինի Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ. Ռուբինյան