Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ՌԴ քաղաքացուն 102-րդ ռազմաբազայի ՌՈ ծառայողների կողմից ձերբակալելու ահազանգին

Գյումրիում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դմիտրի Սեդրակովին ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալելու մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ մասին տեղեկությունը «Լուրերին» հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

«Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ստացել: Հաղորդմանն օրենքով նախատեսված կարգով ընթացք է տրվել»,- այդ մասին ասաց Լուսինե Մարտիրոսյանը:

Խոսքը վերաբերում է սույն թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված ահազանգին, համաձայն որի՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները փողոցում ձերբակալել են Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացուն։

«Լուրերի» հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը տեղի ունեցածը որակեց «ապօրինություն և մարդու առևանգում»:

«Այլ երկրի իրավապահ մարմնի կողմից ՀՀ տարածքում տեղի է ունեցել մարդու առևանգում: Եվ եթե դա արված լինի ոչ թե ՌԴ ոստիկանության, այլ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից, դա ընդհանրապես խայտառակություն է: Դա ոտնձգություն է ՀՀ անվտանգության և ինքնիշխանության դեմ»,- ասաց Արթուր Սաքունցը:

Related posts

Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան

Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին

Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց