ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Ներկայացնելով դատավարական նախապատմությունը՝ Աննա Վարդապետյանը նախ հիշեցրեց, որ ՔԿ զինվորական գլխավոր վարչությունում 2017-ին նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոցի 71 հասցեում գտնվող 10,526 քմ հողատարածքը զավթվել և 2010-2015 թվականերին, առանց կառուցապատման իրավունքի, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմը նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցել է առանձնատուն:
2016 թվականին դեկտեմբերի 12-ին միջգերատեսչայան մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի բնակիչ Բենրամին Սուրենի Ղալեչյանը, որի նշված հողամասը 25 տարի ժամկետով տրվել է վարձակալության՝ կառուցապատման իրավունքով, 2 տարվա ընթացքում 250 մլն դրամի ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար: Ըստ Աննա Վարդապետյանի՝ Բենյամին Ղալեչյանը Օհանյանի՝ ՊՆ ղեկավարի պաշտոն եղած ժամանակ իր վարորդ Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդին է:
Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ, հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն, կատարված քննությամբ ձեռք են բերել բավարարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերին, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 444-րդ հոդվածի 2-րդ մասին) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար:
«Այն բանի համար, որ նա 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեբերի 9-ը, զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի՝ զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը:
Կառուցապատման իրավունքի բացակայության պայմաներում Սեյրան Օհանյանը հանձնարարել է իրեն ենթակա ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանին և այլ անձանց ՊՆ-ի կողմից իրականացված գնումների գործընթացին մասնակցած շինարարական կազմակերպությունների և դրանց ծառայողների ներգրավմամբ կազմակերպել, ապահովել հիշյալ տարածքում իր համար տան կառուցումը: Նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներին պետական բյուջեի միջոցներից վճարվել է առնվազն 13 մլն 120 հազար աշխատավարձ: Խոսքը պահպանության ծառայության մասին է, որն իրականացվել է ռազմական ոստիկանության ծառայողների կողմից»,- ասաց Վարդապետյանը:
Գլխավոր դատախազը ներկայացրեց նաև շինությունը ապօրինաբար կառուցելու մանրամասները, գնումների գործընթացի որոշ մանրամասներ, որի արդյունքում 2010-2015 թվականների ընթացքում ինքնակամ զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում մոտ 124 մլն 892 հազար դրամ արժողությամբ մի քանի շինություններից կազմված առանձնատան ինքնակամ կառուցում է իրականացվել, ներկայացրեց նաև առանձնատան լողավազանի և շոգեբաղնիքի կառուցման համար ներգրավված անձանց մասով տեղեկություններ, նշեց, որ շինաշխատանքների դիմաց չվճարված գումարի շրջանակում «ատկատ» է կիրառվել:
«Սերան Օհանյանը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությամբ, պաշտոնական դիրքը ծառայության շահերին օգտագործելով, չարաշահել է պաշտոնական լիազորությունները, իսկ գործողությունների հետևանքով ծանր վնաս է պատճառվել հասարակությանը, պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ»,- ասաց Վարդապետյանը՝ ընդգծելով, որ պաշտոնատար անձինք և պետական գնումների գործընթացներին մասնակցություն ունեցող կազմակերպությունը ներգրավվել են ինքնակամ զավթված, բնության հատուկ տարածքում շինության կառուցմանը, ինչ արդյունքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը զրկվել է իր նպատակին ծառայելու հնարավորությունից:
«Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ տալ համաձայնություն ԱԺ 8-րդ գումարման պատգաավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»,- ասաց նա: