Գործադիրը հաստատել է Բուսաբուծության աջակցության 2026-2027 թթ. ծրագիրը։ Այն պայմանավորված է ՀՀ ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ։
Կարգավորման նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ հացահատիկային (աշնանացան և գարնանացան ցորենի, գարնանացան գարու, եգիպտացորենի, վարսակի, հաճարի) և հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) ցանքատարածությունների ընդլայնման միջոցով, ընդ որում՝ նախատեսել վերոնշյալ մշակաբույսերի մշակությունը ըստ ՀՀ մարզերի։
Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ նվազագույնը ոչ պակաս քան 3 հա (ներառյալ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա մշակություն իրականացնող տնտեսվարողը։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 դրամ, աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80 000 դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 դրամ, կերային մշակաբույսերից առվույտի, կորնգանի 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 դրամ։