Բնության պահպանության համաշխարհային օրը հիշեցում է բնական ռեսուրսների պահպանման մեր պատասխանատվության մասին

Բնության պահպանության համաշխարհային օրվա առթիվ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփում է 2024-2025 թթ․ իր նշանակալի ձեռքբերումները՝ կենսաբազմազանության պահպանության, անտառների վերականգնման, վայրի կենդանիների փրկության, համայնքային զարգացման և միջազգային համագործակցության ոլորտներում՝ հանուն Հայաստանի բնական ժառանգության և կայուն ապագայի։ Հուլիսի 28-ին նշվող Բնության պահպանության համաշխարհային օրը 2025 թ․ շեշտում է բնական ռեսուրսների, կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման հավաքական պատասխանատվությունը՝ հանուն կայուն ապագայի և գալիք սերունդների բարեկեցության։ Այն խթանում է բնապահպանական կայուն կենսակերպի գաղափարները ողջ աշխարհում։

«2025 թվականը FPWC-ի համար բնության պահպանության ճակատներում աճի և ձեռքբերումների տարի էր։ Այսօր, նշելով Բնության պահպանության օրը, մենք գնահատում ենք մեր թիմի, գործընկերների ու համայնքների համատեղ ջանքերը։ Հավատում ենք, որ միայն համակողմանի մոտեցմամբ՝ կենսաբազմազանության պահպանությամբ, կայուն զարգացմամբ և միջազգային համագործակցությամբ, կարող ենք կերտել կայուն ապագա մեր բնության և գալիք սերունդների համար»,- նշեց FPWC-ի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Կենսաբազմազանության պահպանություն և հետազոտություններ

2025թ․-ին FPWC-ն շարունակել է Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությունը։ RENATE II ծրագրով իրականացվել է վտանգված եգիպտական անգղի մոնիթորինգ Եղեգիսի հովտում՝ հակազդելով թվաքանակի անկմանը։ Հատկանշական է Արմաշում Բտիկաթև կիվիվի առաջին բնադրման գրանցումը, ինչը վկայում է բնակավայրերի պահպանության արդյունավետության մասին։

Անտառների պաշտպանություն, վերականգնում և կլիմայական կայունություն

FPWC-ն շարունակում է Հայաստանի անտառների պաշտպանությունն ու վերականգնումը, հատկապես կլիմայական փոփոխությունների պայմաններում։ ԱՄՆ Անտառային ծառայության հետ կազմակերպվել են հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման վերապատրաստումներ՝ բարձրացնելով պետական մարմինների կարողությունները։ Հիմնադրամը մասնակցում է FORACCA 10-ամյա ծրագրին՝ SDC-ի աջակցությամբ։ Իրականացվել են մասշտաբային անտառվերականգնման աշխատանքներ Վայոց ձորում և Արարատի մարզում, տնկվել տասնյակ հազարավոր ծառեր։ Մինչև 2025 թ․ ավարտը նախատեսվում է տնկել 200.000 ծառ։ SMS արշավի շնորհիվ այս աշուն կտնկվի 1035 վայրի պտղատու ծառ։ FPWC-ն ակտիվորեն մասնակցել է Հայաստանի անտառների դաշինքի քննարկումներին։

Վայրի կենդանիների փրկություն և բարեկեցություն

2025 թ․ FPWC-ն իրականացրել է մի շարք հաջողված առաքելություններ։ Երկու արտակարգ առաքելությամբ փրկվել են լքված արջի ձագեր, որոնք բուժվում և վերականգնվում են WRC-ում՝ IAR-ի հետ համատեղ։ Ձագերից 3-ն արդեն վերադարձվել են բնություն։ Ընդհանուր առմամբ, 6 արջ փրկվել է գերությունից և գտնվում է Կենտրոնում, որտեղ բրիտանացի անասնաբույժների հետ իրականացվել են բարդ վիրահատություններ։ Կենտրոնում քննարկվել է գերության մեջ գտնվող վայրի կենդանիների շահագործման դադարեցման հարցը։

Համայնքային զարգացում և մարդ-վայրի բնություն կոնֆլիկտների մեղմում

Կլիմայական փոփոխությունների պայմաններում FPWC-ի հիմնական ուղղություններից է մարդ-վայրի բնություն կոնֆլիկտների մեղմումը։ Darwin Initiative-ի աջակցությամբ Եղեգիսի համայնքում անցկացվել են մեղվապահության դասընթացներ։ 30 սկսնակ մեղվապահների տրամադրվել է սարքավորումներ՝ խթանելով կայուն գյուղատնտեսությունը և բարելավելով բնակչության կենսապայմանները։

Միջազգային համագործակցություն և COP17 հեռանկարներ

FPWC-ն ակտիվորեն ներգրավված է միջազգային համագործակցության մեջ՝ ամրապնդելով Հայաստանի բնապահպանական դիրքերը։ Մասնակցել է IUCN ICENCA և BirdLife Restoration Working Group-ի հանդիպումներին։ Կարևոր էր IUCN-ի բարձրաստիճան պատվիրակության այցը Երևան և հանդիպումները ՀՀ ՇՄՆ նախարարի, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների և FPWC-ի հիմնադիր-տնօրենի մասնակցությամբ։ Քննարկվեցին Հայաստանի IUCN անդամակցության հեռանկարները և 2026 թ. Հայաստանում կայանալիք COP17 Կենսաբազմազանության համաժողովի նախապատրաստական աշխատանքները՝ ընդգծելով Հայաստանի դերը գլոբալ օրակարգում։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հիմնադրվել է 2002 թվականին։ Այն Հայաստանում առաջատար բնապահպանական կազմակերպություններից է, որի նպատակներից է կենսաբազմազանության պահպանությունը, էկոհամակարգերի վերականգնմանն ուղղված աշխատանքների իրականացումը, համայնքների կայուն զարգացումը և այլն։ Հիմնադրամը ստեղխել և կառավարում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), որը մասնավոր կերպով պահպանվող տարածք է և յուրահատուկ է իր կառուցվածքով։   Ուրցաձորում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) ապաստարան է տրամադրել ավելի քան 30 գորշ արջերի, որոնք փրկվել են տարբեր անբարենպաստ պայմաններից։

Բնության պահպանության համաշխարհային օրը հիշեցում է մեզ բնական ռեսուրսների պահպանման մեր ընդհանուր պատասխանատվության մասին։ FPWC-ի 2025 թ․ ձեռքբերումները վկայում են, որ համատեղ և նվիրված աշխատանքով հնարավոր է հասնել զգալի արդյունքների՝ ապահովելով մեր մոլորակի կայունությունն ու կենսաբազմազանությունը գալիք սերունդների համար։

Related posts

Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ

Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր