Բերման ենթարկված 285 անձինք ազատ են արձակվել. մանրամասներ՝ բողոքի ակցիաների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մի խումբ աջակիցներ, պատգամավորներ Բագրատ Գալստանյանի կոչով այսօր առավոտից անհնազանդության գործողություններ են սկսել՝ փորձելով տարբեր մեթոդներով փողոցներ փակել: Մասնավորապես, Բագրատ Գալստանյանը Աբովյան փողոցը փորձել է փակել՝ վթարային իրավիճակ ստեղծելով: Նա իր վարած «Լեքսուս» մակնիշի մեքենայով հարվածել է մեկ այլ մեքենայի, «Լեքսուսը» թողել փողոցում ու հեռացել:

Ավելի ուշ ներքին գործերի նախարարության աշխատակիցները այն հեռացրել են փողոցից: «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ էլ նստել են ճանապարհի երթևեկելի հատվածում, իսկ Իշխան Սաղաթելյանը իր մեքենայով է փողոց փակելու փորձ արել. նա վարել է մայթերով: Մի խումբ երիտասարդներ փողոցում անտեսանելի իրավիճակ ստեղծելու և երթևեկությունը խոչընդոտելու համար գունավոր ծուխ են արձակել: Ոստիկանությունը բացել է ճանապարհները:

Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Լուրերին» հայտնել է, որ բերման ենթարկված 285 անձինք ազատ են արձակվել, իսկ փակ փողոցներ չկան: Այս պահին Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ Երևանի փոքր կենտրոնում երթ է անցկացվում:

Հիշեցնենք, երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում հայտարարվեց, որ Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն է: Իր ելույթում Գալստանյանը նշեց, որ խնդրել է սառեցնել հոգևոր ծառայությունը:

Related posts

Արաղչին հայերենով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացիներ մասնակցել են ընտրություններին․ Պրոբացիայի ծառայություն

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան