Բելգիայի խորհրդարանը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանին կոչ է անում «անհապաղ ազատել մնացած բոլոր հայ գերիներին, այդ թվում` քաղաքացիական անձանց, 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հռչակագրի 8-րդ հոդվածի, ինչպես նաև Ժնևի կոնվենցիայի համաձայն»: Այս մասին հայտնեցին Բելգիայի հայերի կոմիտեից:

Խորհրդարանը խստորեն դատապարտել է նաև գերիների խոշտանգման վերաբեյալ առկա բազմաթիվ հաղորդագրությունները»:

Խորհրդարանը կոչ է արել դաշնային կառավարությանը «համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանն և անվտանգ վերադարձին աջակցելու համար»:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տրամադրած տվյալների համաձայն, 188 ռազմագերիներ դեռևս գտնվում են Ադրբեջանում: Նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի համաձայնագիրը նախատեսում էր գերիների անհապաղ և լիարժեք փոխանակում: Սակայն Ադրբեջանը չի ազատել իր գերիներին, և մարտերի ավարտին հաջորդող օրերին ձերբակալել է նաև այլ հայ զինվորների և խաղաղ բնակիչների: Հայաստանն իր հերթին, մարտերն ավարտվելուն պես, ազատ է արձակել բոլոր ռազմագերիներին:

Ի հավելումն այս ամենին, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ադրբեջանական ուժերը հինգշաբթի ՝ մայիսի 28-ին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ձերբակալել են 6 նոր հայ զինծառայողների: Այս ձերբակալությունը հաջորդում է սահմանի մի քանի կետերում վերջին շրջանում հայկական տարածք շարունակական ներխուժումներին։

Այս միջադեպերը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ վարվող լարվածության ռազմավարության մի մասն են կազմում:

Բելգիայի հայկական կոմիտեն կոչ է անում կառավարությանը հետևել խորհրդարանի խնդրանքին և միջամտել բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան