Բաքվի ու Երևանի միջև պահպանվում են ԼՂ կարգավիճակի շուրջ սկզբունքային տարաձայնությունները. Զախարովա

Ռուսաստանը ներկայում ջանքերը կենտրոնացրել է այն ձևաչափերի վրա, որոնք Լեռնային Ղարաբաղի հարցով իրական արդյունք են ապահովում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Մասնավորապես, ըստ Զախարովայի, խոսքը վերաբերում է Մոսկվայի, Երևանի ու Բաքվի միջև՝ բարձր մակարդակով եռակողմ համաձայնություններին:

«Բաքվի ու Երևանի միջև պահպանվում են սկզբունքային տարաձայնությունները Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Մենք տեսնում ենք մեր դերակատարությունը կողմերի մերձեցման հարցում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան հայտարարել է, որ աջակցություն ցուցաբերելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով։

«Դրանք պատրաստվել են Բաքվում և կառուցողական արձագանք ստացել Երևանից: Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների ներդաշնակեցման համար»,- հայտարարել է Զախարովան:

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը