Բաքուն և Երևանը դրական տրամադրվածություն են դրսևորում ԼՂ հարցով աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հաղորդակցային ուղիների բացման ու «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու մասին Իլհամ Ալիևի հայտարարության վերաբերյալ հարցին, ընդհանրական պատասխան է տվել:

«Ընդգծում ենք, որ ընդհանուր առմամբ, և՛ Բաքուն, և՛ Երևանը կառուցողական տրամադրվածություն են դրսևորում Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում»,- ասել է Զախարովան:

Վերջինս հիշեցրել է, որ գլխավոր խնդիրը տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն է:

«Հույս ունենք, որ նման դրական ուղղվածության և փոխադարձ ընդունելի շփման կետերի որոնման շուրջ կենտրոնացումը կգերակշռի ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական հայտարարություններում, այլև մեդիադաշտում»,- հավելել է դիվանագետը:

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է