Բացառում եմ, որ որևէ ադրբեջանցի կարող է գալ Ստեփանակերտ և առևտուր անել. Բորիս Ավագյան

Հայ գերիների հարցի վերաբերյալ ցանկացած քաղաքական շահարկում պետք է բացառել, քանի որ ծնողի համար, որի երեխան գտնվում է գերության մեջ, ամեն րոպեն դժոխք է: Այդ մասին ԱԺ-ում Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմայով քննարկմանն ասաց ԱՀ ԱԻՊԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Բորիս Ավագյանը:

Նրա խոսքով՝ այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է վերլուծություն կատարել առկա տեղեկատվության հիման վրա: Ավագյանը կարծում է, որ պետք է ստեղծել աշխատանքային խումբ, որը հանրությանը կտրամադրի ինֆորմացիա՝ պետական գաղտնիք չպարունակող, որ քաղաքացիները հասկանան՝ ինչ է կատարվում: Դա, ըստ նրա, կօգնի, որ բոլորը չզբաղվեն գերիների հարցով:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին, թե գերիների խնդիրը լուծված է, Բորիս Ավագյանն ասաց, որ, օրինակ՝ եթե 62 շիրակցիները, ըստ ադրբեջանական կողմի, ահաբեկիչներ են, ապա ի՞նչ հիմքով են նրանցից 8-ը վերադարձվել Հայաստան: Նա նշեց, որ Ադրբեջանը պետք է ի վերջո հասկանա, որ խնդրին ռացիոնալ լուծում է անհրաժեշտ՝ մեր տղաները պետք է վերադառնան հայրենիք:

Ինչ վերաբերում է տարածվող լուրերին, թե ադրբեջանցիները «ազատ շրջում են» Ստեփանակերտում, Ավագյանն ասաց. «Բացառում եմ, որ որևէ ադրբեջանցի կարող է գալ Ստեփանակերտ և առևտուր անել, դա ֆեյք լուր է: Չգիտեմ՝ ո՛վ է տարածում նման կեղծ տեղեկությունները, բայց նրանցով պետք է լրջագույնս զբաղվել: Եթե նման բան լինի, ես անձամբ նրանց կգերեվարեմ: Նման դեպք չի կարող լինել, քանի որ լավ իմանալով արցախցիներին՝ իրենք «կգերեվարեն», ես էլ չեմ հասցնի, նրանք չեն կարող թույլ տալ, որ ադրբեջանցին շրջի Ստեփանակերտում»:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում