Բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով մենք բարդ ժամանակների միջով ենք անցնում. Ալեն Սիմոնյանը՝ ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում

«Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ մարտահրավերները պահանջում են ակտիվ համագործակցություն ազգային խորհրդարանների և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների միջև:

«Եվրոպայի խորհուրդն ազդեցություն ունի ավելի քան 800 միլիոն մարդկանց կյանքերի վրա: Այսօր աշխարհը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: Մենք ապրում ենք մեծ ձևափոխումների ժամանակներում, որտեղ ահաբեկչությունը կարող է գերիշխել խաղաղության և անվտանգության վրա, և երբ արտաքին քաղաքականությունը կարող է ուղեկցվել անհանդուրժողականությամբ»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Խորհրդարանի ղեկավարն առանձնակի կարևորել է ժողովուրդների՝ խաղաղ և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի լիարժեք իրացումը՝ հավելելով. «Եվրոպական բոլոր քաղաքացիների ապագան հնարավոր է միայն խաղաղ միջավայրում: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար այն ունի հատուկ իմաստ, քանի որ բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով մենք բարդ ժամանակների միջով ենք անցնում»:

Այդ համատեքստում օրենսդրի ղեկավարն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, համապարփակ և երկարատև կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ալեն Սիմոնյանն անվտանգության հարցերում կարևորել է հարևանային քաղաքականության դերակատարությունը:

«Եվրոպայի կայունությունը փոխկապակցված է հարևանների անվտանգության հետ: Մենք պատրաստ ենք աշխատել միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների հետ, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմամբ: Մենք կարիք ունենք միասնության, համերաշխության և գլոբալ գործընկերության` համընդհանուր խնդիրների լուծման համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան