Արևմտյան պատժամիջոցները չեն քանդի Ռուսաստանի տնտեսությունը. Մեդվեդև

Արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի տնտեսությունը չի քանդվի: Այդ մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի ժողովուրդներն իրենց իշխանություններից շուտով հաշիվ կպահանջեն հակառուսական պատժամիջոցների հետևանքների համար:

Մեդվեդևի խոսքով՝ ռուսական ապրանքների համար միշտ էլ իրացման շուկաներ կգտնվեն: «Ռուսաստանը, Չինաստանը, ԱՊՀ երկրները, Հարավարևելյան Ասիան և Աֆրիկան իրացման հսկայական շուկաներ են: Իսկ «համաշխարհային հանրություն» կոչվածը փոքրիկ կղզյակ է անափ օվկիանոսում»,- նշել է ՌԴ նախկին նախագահը։

Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանն ունի զարգացման բոլոր հնարավորությունները, իսկ սահմանված պատժամիջոցները շատ առումներով երկրին օգուտ են տվել. Մոսկվան պետք է սկսի արտադրել այն ապրանքները, որոնք դեռևս չի արտադրում:

«Իսկ մեր թշնամիները, որոնք այսօր փորձում են սահմանափակել մեր զարգացումը և փչացնել մեր կյանքը, դեռ մեկ անգամ չէ, որ ցավով կզղջան իրենց արածի համար»,- վստահ է պաշտոնյան։

Մեդվեդևի խոսքով՝ արևմտյան ընկերությունները, որոնցից շատերը հայտարարել են ռուսական շուկայից դուրս գալու մասին, պարզապես կատարել են իրենց երկրների իշխանությունների պահանջը:

Related posts

Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ

ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինային 70 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել. Politico

ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չհագնել