Արցախում մեծ է մարդասիրական ճգնաժամի վտանգը, սակայն ոչ ոք չի պատրաստվում ընկրկել դժվարությունների առաջ. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ:

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ պետնախարարը նշել է, որ այն բավականին բարդ է, սակայն միաժամանակ վստահություն է հայտնել, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել կազմակերպված ու համակարգված աշխատանքի միջոցով:

«Ստեղծված բարդ իրավիճակը մեզնից համախմբում է պահանջում. միակ ճանապարհը միասնությունն է: Միայն միասին թիկունք թիկունքի կանգնելով է հնարավոր այս ճգնաժամը հաղթահարել»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Պետնախարարն ընդգծել է, որ չնայած առկա բարդ մարտահրավերներին, չպետք է խուճապի մատնվել և պետք է շարունակել աշխատել համակարգված և պատասխանատու կերպով ՝ յուրաքանչյուրն իր տեղում կատարելով իր գործը:

Նա նշել է, որ արցախցիներն արժանապատվորեն են տանում դժվարությունները՝ ցուցաբերելով տոկունություն և ողջախոհություն՝ առանց խուճապային տրամադրությունների տրվելու: Այս տեսանկյունից պետնախարարը կարևոր է համարել իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության տրամադրումը բնակչությանը:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ թեև Արցախում մեծ է մարդասիրական ճգնաժամի վտանգը, սակայն ոչ ոք չի պատրաստվում ընկրկել դժվարությունների առաջ:

Խորհրդակցության ընթացքում պետական գերատեսչությունների, վարչակազմերի ղեկավարները ներկայացրել են ճանապարհի փակման հետևանքով շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները:

Related posts

24 դատական հայցերից մինչև քաղաքական բոյկոտ. կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը

Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Այսօրվանից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար կարող են դիմել միջոցառման պայմաններին բավարարող՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր ընտանիքները. ԱՍՀՆ