Արցախի խորհրդարանականներն աշխատանքային այցով ՌԴ-ում են

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանն աշխատանքային այցով ՌԴ-ում են։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Պատգամավորները Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, քննարկել Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ համահայկական ներուժի կենտրոնացման և համակարգված օգտագործման խնդիրները։

Մասնավորապես քննարկել ենք ՌՀՄ միջոցներով Արցախի տարածքում 200 բնակելի տան կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա որոշակիորեն լուծելու ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված ԱՀ տարածքների տեղահանված մեր բնակչության բնակարանային ապահովության հարցը», – տեղեկացնում են պատգամավորները։

Ռուսաստանի հայերի հրավերով պատգամավորները մասնակցել են «Ցեղասպանությունն ու Առաջին համաշխարհային պատերազմը։ Միջազգային պայմանագրեր։ Պատմական զուգահեռներ» խորագրով միջազգային համաժողովին, մտքեր փոխանակել հայկական և ռուսական հասարակական կառույցների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների հետ։

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորները մոսկովյան այցի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինի հետ։ Քննարկել են Արցախում և տարածաշրջանում առկա իրավիճակը, հումանիտար և անվտանգային մարտահրավերները, կարևորել Արցախի և Ռուսաստանի միջև համակողմանի համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ քայլերը՝ ընդգրկելով ինչպես անվտանգային, այնպես էլ քաղաքական, տնտեսական և կրթական ու մշակութային ոլորտները։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին