Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Եվրախորհրդարանում ընդունված բանաձևերի վերաբերյալ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է հրատապ քննարկումների արդյունքում Եվրոպական խորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունված բանաձևը, որում Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

«Բարձր ենք գնահատում այս կարևոր հումանիտար հարցի լուծմանն ուղղված Եվրախորհրդարանի անդամների զգալի մեծամասնության ջանքերը՝ շարունակական ճնշման միջոցով ապահովելու Ադրբեջանի կողմից սեփական միջազգային հանձնառությունների, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Ժնևյան կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների կատարումը։ Այս բանաձևը զգալիորեն կնպաստի հայ գերիների հայրենադարձմանն ուղղված միջազգային հանրության հավաքական ջանքերին։

Գոհունակությամբ ենք նշում, որ բանաձևում մեծ նշանակություն է տրվում Արցախի անվտանգությանը և ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը: Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման համար պարտադիր սկզբունքներ են ժողովուրդների հավասար իրավունքներն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։

Ողջունում ենք նաև Եվրախորհրդարանի կողմից մայիսի 19-ին ընդունված բանաձևը, որով ԵՄ-ին և նրա անդամ երկրներին կոչ է արվում «ռասիստական աջ ծայրահեղական» «Գորշ գայլեր» շարժումը դասակարգել որպես ահաբեկչական, ինչպես նաև արգելել այդ շարժման միությունների ու կազմակերպությունների գործունեությունը ԵՄ անդամ երկրներում: Բանաձևն էական քայլ է տարածաշրջանում ծայրահեղականության և ռասիզմի դեմ պայքարում։ Այն նաև հստակ և կարևոր ուղերձ կլինի վտարյալ պետություններին առ այն, որ միջազգային հանրությունը դիմակայում է նրանց ցեղասպան քաղաքականությանը»,- ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարությունում։

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում