Արցախից տեղահանված բնակչությունը մեծապես զրկված է միջազգային մարդասիրական աջակցությունից և պաշտպանությունից. Դավիթ Խաժակյանի ելույթը ԵԽ Կոնգրեսում

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի անդամ Դավիթ Խաժակյանը ելույթ է ունեցել ԵԽ Կոնգրեսում՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների իրավունքների վերաբերյալ։

«Հարգելի գործընկերներ,

Քննակում ենք քաղաքների և տարածաշրջանների առջև ծառացած մարտահրավերները, որոնք ծագել են ներքին տեղահանված անձանց քանակի աճով, և պետք է նշեմ, որ այդ մարտահրավերները պայմանավորված են ոչ միայն տնտեսական գործոններով, աղետներով կամ Եվրոպայի սահմաններից դուրս եղած կոնֆլիկտներով, այլ նաև Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող պետության կողմից իրականացվող թշնամական գործողություններով։

Շուրջ մեկ տարի առաջ Ադրբեջանը, Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ, սանձազերծելով լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, արհամարհեց Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները և զարհուրելի հանցանքներ գործեց քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ առաջացնելով երկարատև հումանիտար հետևանքներ։

Այդ ագրեսիայի հետևանքով ավելի քան 91.000 քաղաքացի տարհանվեց Հայաստան, որոնց 88%-ը կանայք և երեխաներ էին։ Ավելի քան 40.000 մարդ զրկված է իր տնից և ունեցվածքից, քանի որ նրանց գյուղերն ու քաղաքները ներկայումս օկուպացված են Ադրբեջանական զինուժի կողմից։

Ագրեսիայի առաջին իսկ օրվանից Արցախի և Հայաստանի կառավարությունները մշակեցին սոցիալական աջակցության հրատապ ծրագրեր, որոնք միտված էին լուծելու մարդկանց առաջնային սոցիալական խնդիրները։

Մեծ ջանք գործադրեցին նաև տեղական և տարածքային իշխանությունները, որոնք իրականացրին բազմաթիվ աջակցության ծրագրեր՝ օժանդակելով Արցախից տեղահանված բնակչությանը։

Չնայած գործադրված ջանքերին, տեղահանված բնակչությունը դեռ մեծապես զրկված է միջազգային մարդասիրական աջակցությունից, պաշտպանությունից և ակնկալում է այդ խնդիրների երկարատև լուծումներ։ Եվրոպայի խորհրդի հիմնադրույթները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պետք է վերաբերեն բոլորին՝ առանց որևէ խտրականության։ Ցավոք, այս պարագայում դա այդպես չէ, քանի որ Արցախի ժողովրդի իրավունքները խախտված են։ Անվտանգության խոր մտահոգությունները, հայ ժողովրդի նկատմամբ բարձր մակարդակում հնչող ատելության խոսքը, ինչպես նաև հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին արձակելուց հրաժարումը սպառում են բարիդրացիության հաստատման և երկարատև խաղաղության հնարավորությունները տարածաշրջանում, ինչը թույլ կտար ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը իրենց տներ»,- ասված է Դավիթ Խաժակյանի ելույթում:

Related posts

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. Լավրով