Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հուլիսի 29-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց ունեցավ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը։ Այս առումով, Արմեն Գրիգորյանը ներկայացրեց վերջին օրերին ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից հարձակողական գործողությունների հետևանքները։

Շեշտվեց, որ սադրիչ ռազմական գործողություններին զուգահեռ Ադրբեջանը առաջ է քաշում Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական կեղծ պահանջներ, որոնք միտված են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը։

Երկուստեք ընդգծվեց անհրաժեշտ բոլոր ջանքերի գործադրման կարևորությունը՝ իրավիճակի դեէսկալացիայի ապահովման համար։ Այս համատեքստում, Արմեն Գրիգորյանը շեշտեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի՝ մայիսի 12-ի դրությամբ ելման դիրքեր անհապաղ և անվերապահ դուրս բերելու անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում նաև ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական և արդար հանգուցալուծման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները կարևորեցին միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձումը։ Այս առումով, Արմեն Գրիգորյանը դատապարտելի համարեց հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով քրեական հետապնդումը։

Կողմերը նաև կարծիքներ փոխանակեցին Հայաստան-ԵՄ համագործակցության, Արևելյան գործընկերության օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Related posts

Հենց այդտեղ է, որ ժողովրդավարությունը սպանվել է. Հակոբ Արշակյանը՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել