Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ Անվտանգության խորհուրդը:

Կողմերը գոհունակությամբ նշել են ԱԽ գրասենյակների միջև ձևավորված ինստիտուցիոնալ կապերը և վստահություն հայտնել դրանց շարունակական ամրապնդման ու զարգացման հարցում:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը և նշել, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու բացառապես երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:

Ա. Լարիջանին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությունները՝ կարևորելով կայունության և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգին՝ ընդգծելով տնտեսական փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ