Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենամարտnւմ հաղթել է 13։1 հաշվով

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում ապրիլի 19-ին կայացած «RAF 08» ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հայ մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը շարունակում է իր տպավորիչ հաղթարշավը։

Մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակներում 29-ամյա Ծառուկյանը գոտեմարտեց UFC-ի չեմպիոնական տիտղոսի նախկին հավակնորդ, 46-ամյա ամերիկացի վետերան Յուրայ Ֆայբերի հետ: Դիմակայությունն անցավ հայ մարզիկի լիակատար վերահսկողության ներքո և ավարտվեց ժամանակից շուտ։ Երրորդ ռաունդի միջնամասում Արմանը, գրանցելով բացահայտ տեխնիկական առավելություն, հաղթանակ կորզեց 13։1 ջախջախիչ հաշվով:

Այս հաջողությունը Ծառուկյանի համար չորրորդ անընդմեջն էր RAF-ի ըմբշամարտի մրցաշարերում, ինչն էլ ավելի է ամրապնդում նրա՝ որպես լիգայի գլխավոր առաջատարներից մեկի կարգավիճակը:

Հիշեցնենք, որ խառը մենամարտերում (MMA) Արման Ծառուկյանի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։ Նրա մրցակից Ֆայբերը, ով իր պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է 2003-2019 թվականներին, MMA-ում գրանցել է 35 հաղթանակ և 11 պարտություն:

Տպավորիչ ելույթից անմիջապես հետո հայ մարտիկը հանդես եկավ նաև կարևոր հայտարարությամբ՝ նշելով, որ արդեն համաձայնության է եկել հաջորդ գոտեմարտի շուրջ։ Նրա նոր մրցակիցը կլինի աղմկահարույց Քոլբի Քովինգթոնը: Ակնկալվում է, որ այս սպասված սուպերմենամարտը տեղի կունենա RAF-ի առաջիկա մրցաշարերից մեկի ընթացքում:

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան