Արարատ Միրզոյանն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունեց Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը:

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանն իր ավանդը կունենա Հայաստանի եւ Բելառուսի գործընկերային հարաբերությունների առավել խորացման գործում: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ դեսպանի պաշտոնավարման մեկնարկը Հայաստանում համընկել է հետպատերազմական շրջանի հետ; Անդրադարձ կատարելով Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը՝ խորհրդարանի խոսնակը նշեց, որ եռակողմ հայտարարության լիակատար կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական կողմը օր առաջ վերադարձնի բոլոր ռազմագերիներին եւ այլ գերեվարված անձանց: Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ պաշտոնական Մինսկը այս հարցի կապակցությամբ կունենա իր միանշանակ տեսակետը եւ կփորձի նպաստել ռազմագերիների շուտափույթ վերադարձին:

Դեսպան Կոնյուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրեց, որ պատրաստ է ներդնել բոլոր ուժերը ի նպաստ հայ-բելառուսական հարաբերությունների խորացման: Նա կարեւորեց Արցախում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանումը եւ հավաստիացրեց, որ Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում երկու երկրների խորհրդարանականների միջեւ փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում