Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Զրուցակիցները քննարկել են հարցերի լայն շրջանակ:
ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության համատեքստում երկուստեք ընդգծվել է թե՛ արդեն իսկ ձևավորված համագործակցության ծրագրերի իրականացման, թե՛ լրացուցիչ ուղղություններով նոր հանգրվանի հասնելու կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ս.թ. ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման արդյունքներով մշակված «Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագրին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կայացման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել օրակարգի առաջիկա միջոցառումներին և անելիքներին:
Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բոռելը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: Անդրադառնալով երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին և համապատասխան հանձնաժողովների միջև գրավոր պայմանավորվածություններին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես հայտարարվել է նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով: Ներկայացնելով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնության ձեռք բերված պայմանավորվածությունները նաև պայմանագրի նախագծում արտացոլելու միջոցով:
Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն