Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: ՀՀ ԱԳ նախարարը մասնավորապես նշել է, որ խախտված են 120000 բնակչության տարրական իրավունքները, առկա է սննդի ու դեղորայքի սուր պակաս, խաթարված է ԼՂ-ին գազի և էլեկետրաէներգիայի մատակարարումը։

Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն Ադրբեջանի կողմից իրականացնելու, Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումը կանխելու հրամայականը: Շեշտվել է առկա գործիքակազմը միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից արդյունավետ գործածելու կարևորությունը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ պաշտոնական Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի շարունակական սրումը հարվածի տակ է դնում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանը, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին շարունակական աջակցությունը։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան