Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահությամբ անցկացվելիք այդ նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկելու են միջազգային զարգացումները, իրավիճակը տարածաշրջանում, արտաքին քաղաքականության ոլորտում համակարգման ամրապնդման մեխանիզմները, ինչպես նաև ամփոփելու են կազմակերպության շրջանակներում ծավալված բազմաբնույթ համագործակցությունը: Ակնկալվում է, որ Խորհուրդը հավանության կարժանացնի մի շարք որոշումների նախագծեր, որոնք հաստատման կներկայացվեն այս տարվա նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում:

2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, իսկ հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը: Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չբացառեց, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը:

Related posts

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել

Դատախազության աշխատողի օրվա առթիվ հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է դատախազության տարբերանշանը

Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարեն