Արարատ Միրզոյանը Հնդկաստանի դեսպանին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի տեսլականը

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել կարևոր առաքելության իրականացման ընթացքում:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-հնդկական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել երկկողմ հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու ուղիների շուրջ: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության աճող դինամիկան, ինչին նպաստել են ինչպես երկկողմ բարձրաստիճան այցերը, այնպես էլ միջազգային հարթակներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունը:

Նախարար Միրզոյանը և դեսպան Սահա Սինհան նշել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տարբեր, այդ թվում՝ առևտրատնտեսական ու գործարար կապերի, գիտակրթական ոլորտներում առկա ներուժն առավելագույնս իրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման պատրաստակամությունը՝ ի շահ երկու երկրների քաղաքացիների: Այս համատեքստում ընդգծվել է, որ երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամական կապերը ևս պարարտ հող են ստեղծում միջպետական գործընկերության հետագա զարգացման համար:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների: Նախարար Միրզոյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի տեսլականը՝ արժևորելով Հնդկաստանի կողմից հնչեցված դիրքորոշումը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական մարտահրավերներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման, միջանցքի արգելափակումն առանց նախապայմանների վերացնելու և արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելուն ուղղված Բաքվի գործողությունների կանխման հրամայականը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանում կայունության հարցում շահագրգիռ գործընկերների և միջազգային կառույցների գործուն քայլերի կարևորությունը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան