Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության (ՄԹ) Խորհրդարանական փոխպետքարտուղար, Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ։

Ընդունելով գործընկերոջ շնորհավորանքներն ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Արարատ Միրզոյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ՄԹ հետ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա համապարփակ լուծման միջոցով: Ուենդի Մորթոնն իր հերթին նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:

ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է նաև ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների, մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակը: Նա շեշտել է, որ Ադրբեջանի նման գործելաոճը խաթարում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը:

Կլիմայի փոփոխության դեմ պետությունների ջանքերի համադրման համատեքստում զրուցակիցները կարևորել են այս տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ գագաթաժողովի (COP26) արդյունավետ անցկացումը և դրան հայկական կողմի մասնակցությունը:

Related posts

Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիան շարունակվում է

«Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը մեկնարկեց. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո

Շնորհակալություն, որ քվեարկում եք մեզ համար, մեզ դա ուժ է տալիս․ Լադանիվա