Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:

Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին՝ նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ տարիներ ի վեր ձևավորված բազմաշերտ համագործակցության կապակցությամբ և նշել, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում Եվրոպայի խորհուրդը մնում է մեր երկրի կարևորագույն գործընկերներից մեկը: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիային ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ նախարարը բարձր է գնահատել պատերազմի առաջին իսկ օրվանից Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների և անձամբ Գլխավոր քարտուղարի կողմից հնչող հայտարարություններն ու կոչերը՝ ուղղված ռազմական գործողությունները դադարեցնելուն և պատերազմի հումանիտար հետևանքները վերացնելու անհրաժեշտությանը:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների խախտում է: Նախարար Միրզոյանը կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների՝ Արցախ անխափան մուտքն ապահովելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան