Արարատ Միրզոյանը ընդունել է ՀԱՊԿ լխավոր քարտուղարին, հանդիպմանը անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին


Մարտի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:

Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է Իմանգալի Տասմագամբետովին ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ-պետություն հանդիսացող Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի վերաբերյալ կազմակերպության հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: ԱԳ նախարարը շեշտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման հրամայականը:

Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է նախօրեին քաղաք Ջերմուկ կատարած այցելությունից իր տպավորությունները:

ԱԳ նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, իսկ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ ուժի կիրառման համար հող նախապատրաստելուն: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ դաշնակիցների և գործընկերների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունները կատարելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ։

Նույն օրն առավոտյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում