Արարատ Միրզոյանը եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին, որը Հայաստանում է գտնվում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի պատվիրակության կազմում:

Արարատ Միրզոյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Եգիպտոսի ղեկավարի կողմից առաջին պաշտոնական այցի իրականացումը Հայաստան։ Երկուստեք նշվել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում հայ-եգիպտական համագործակցության զարգացմանը։

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում առկա փոխգործակցությունն առավել խորացնելու հեռանկարների շուրջ։ Կողմերը կարևորել են նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում երկու երկրների համագործակցության ամրապնդմանը։

Զրուցակիցները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Արարատ Միրզոյանը Սամեհ Շուքրիին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը: Հայկական կողմը շեշտել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության կողմից գործուն և անհապաղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման հարցում։

Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում