Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների հարցն ու ԼՂ հակամարտության կարգավորումը

Մայիսի 5-ին ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի հետ։ Հանդիմանը մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ սենատոր Ջիմ Ռիչը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ամերկյան հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությանը և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի։

Կողմերը գոհունակությամբ են նշել հայ-ամերիկյան երեսունամյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումները։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական ոլորտի զարգացմանը ԱՄՆ կողմից ցուցաբերված աջակցության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ կատարել այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությանը։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բոբ Մենենդեզի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման գործում, ինչն կարևոր նշանակություն ունեն արդարության և մարդասիրության արժեքների գերակայության ապահովման, և հետագա ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից։

ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը։

Ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները։

Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին է փոխանցել Բարեկամության շքանշանը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում