Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել ԼՂ շփման գծի իրավիճակը, անդրադարձել Թուրքիայի հետ երկխոսության գործընթացին

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Ինչպես հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից, կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը: Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ վերոնշյալ գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից են: Այս առումով, նախարարը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը:

Երկուստեք կարևորվել է նաև իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան